• Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության նախագահ

    Վիրաբուժության եվրոպական միությունը (ESS – EUROPEAN SOCIETY OF SURGERY) այս տարի սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում գումարեց իր 21-րդ տարեկան համաժողովը լեհ վիրաբույժների 6-րդ վեհաժողովի հետ համատեղ: Եվրոպական վիրաբուժական այդ երկու խոշոր կառույցների համատեղ համաժողովին մասնակցեցին նաև հայ վիրաբույժներ, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական բժշկական համալսարանը, «Արմենիա» ՀԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն: Սեպտեմբերի 29-ին Վիրաբուժության եվրոպական միության վարչության նիստի ժամանակ Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվեց Վիրաբուժության եվրոպական միության նախագահ (www.essurg.org), որով Վիրաբույժների հայկական ասոցիացիան ստանձնեց 2018 թ. Հայաստանում համատեղ համաժողով կազմակերպելու գործը:

    Վիրաբուժության եվրոպական միությունը հիմնադրվել է Հռոմի Լա Սապիենզա համալսարանի պրոֆեսոր Սերջիո Ստիպայի առաջարկությամբ և ջանքերով: Կազմակերպության նպատակներն են արևմուտքի և արևելքի վիրաբույժների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, մեթոդաբանական օգնությունը թույլ զարգացած երկրների վիրաբույժներին, աջակցությունը ընդհանուր վիրաբուժությանը որպես վիրաբուժության առանձին ճյուղի: Կազմակերպության առաջին համաժողովը գումարվել է 1997թ. Հռոմում, որից հետո Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում գումարվել են տարեկան համաժողովներ:

    Հայ վիրաբույժների համագործակցությունը սկսվել է Վիրաբուժության եվրոպական միության հետ 2011 թ. վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի այդ կազմակերպությանն` անդամակցությամբ: 2015 թ. ԵՊԲՀ-ն հյուընկալեց այս կազմակերպության հիմնադիրներից մեկին՝ Բելգիացի վիրաբույժ, պրոֆեսոր Լյուկ Միշելին: 2015 թ. Պեկինում տարեկան համաժողովի ժամանակ պրոֆ. Ջեմ Թերզիի կողմից առաջարկվել և պրոֆ. Գեորգի Ջիորջիոբիանիի կողմից պաշտպանվել է 2018 թ. հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու միտքը:

    Վիրաբուժության եվրոպական միության հերթական կոնֆերանսի ժամանակ Նեապոլում 2016 թ. Ս.Ա. Ստեփանյանի կողմից ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարար պրոֆ. Ա.Ա.Մուրադյանի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մ.Մ. Միրիջանյանի նամակները, որով Վիրաբույժների հայկական ասոցիացիան հայտ ներկայացրեց 2018 թ. Երևանում կազմակերպել Վիրաբուժության եվրոպական միության և Հայաստանի վիրաբույժների համատեղ համաժողով: Որպես վերը նշված դեպքերի տրամաբանական շարունակություն Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ էստաֆետի փոխանցում հայկական պատվիրակությանը: