26-28-ը սեպտեմբերի, 2018 թ., Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը և Վիրաբույժների եվրոպական միության ամենամյա 22-րդ համաժողովը Երևանում
Հարգելի գործընկերներ,
Ուրախ ենք հրավիրել Ձեզ վիրաբուժության նշանակալից և հետաքրքիր միջոցառմանը:
Վիրաբույժների հայկական ասոցիացիան (ՎՀԱ) և Վիրաբուժության եվրոպական միությունը (ՎԵՄ) համակազմակերպիչների հետ միասին 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում համատեղ անցկացնելու են ՎՀԱ 4-րդ հնգամյա վեհաժողովը և ՎԵՄ ամենամյա 22-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում ընթանալու է նաև Եվրոպայի վիրաբուժության ռեզիդենտների /կլինիկական օրդինատորների/ և ասպիրանտների /երիտասարդ գիտնականների/ 3-րդ համաժողովը, որը դարձել է ՎԵՄ համաժողովների պրակտիկայում գեղեցիկ, բարի ավանդույթ, ինչը թույլ է տալիս նույն միջոցառման ժամանակ հաղորդակցվեն մասնագիտական տարբեր մակարդակների մասնագետները:
Համատեղ համաժողովի ծրագիրն ընդգրկում է վիրաբուժության տարբեր բաժիններ:
Ավելի քան 20 տարի Վիրաբուժության եվրոպական միությունը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը, ջանքեր է գործադրում հարստացնելու և ուժեղացնելու համագործակցությունը արևմուտքի և արևելքի վիրաբույժների միջև: ՎԵՄ աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի և Ասիայի տասնյակ երկրներ: Տարեցտարի կազմակերպությունը դառնում է ավելի ուժեղ և հարուստ իր անդամներով, իր ազդեցությամբ:
Վիրաբույժների հայկական ասոցիացիան անցած մի քանի տասնամյակներում և պատերազմների, տնտեսական ճգնաժամերի դժվարին ժամանակներում, և հանրապետության զարգացման տարիներին կատարել է իր գործառույթները, մեթոդաբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի վիրաբույժներին, ստեղծել կապեր արտասահմանյան կլինիկաների հետ վիրաբուժության տարբեր ճյուղերը զարգացնելու ուղղությամբ: Այդ զարգացմանը նպաստելու, փորձի փոխանակման նպատակով 2003 թվականից անցկացվում են հայ վիրաբույժների հնգամյա վեհաժողովները:
Երևանում կայանալիք համատեղ վիրաբուժական համաժողովը նշանակալից է նաև նրանով, որ այն անցկացվելու է մեր մայրաքաղաքի 2800-ամյակի միջոցառումների օրերին:
Վիրաբուժության համաժողովը լինելու է եռալեզու, կազմկոմիտեն ապահովելու է զեկուցումների ժամանակ թարգմանություն հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հրավիրում ենք Ձեզ վիրաբուժության համաժողովին և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը:
ARMENIAN
ENGLISH
RUSSIAN