• Կայացավ Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի ընդլայնված նիստը

    23.10.2025 թ-ին կայացավ Վիրաբույժների  հայկական ասոցիացիայի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվեցին ասոցիացիայի գործունեությանն առնչվող ընթացիկ աշխատանքային հարցեր։ Նիստի հիմնական նպատակն էր նպաստել ասոցիացիայի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և Հայաստանի Հանրապետության վիրաբուժական համայնքում ասոցիացիայի դերի ամրապնդմանը։

    Ընդհանուր ժողովի ընթացքում ներկայացվեցին երկու գիտական զեկուցումներ՝ ԱԱԻ վիրաբուժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Խ.Վ Բադալյանը ՝ «Լյարդի լայնածավալ մասնահատումներ » թեմայով, և ՍԳԼ վիրաբուժության գծով փոխտնօրեն, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գ.Մ Պապոյանը ՝ «Նվազ ինվազիվ միջամտությունների հնարավորությունները՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ» թեմայով:

    Նիստի ընթացքում պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանն ընտրվեց Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ։

    Քննարկվեց և միաձայն հաստատվեց նաև ասոցիացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանելու հարցը, այն է՝ նախագահողը պաշտոնավարում է երկու տարի ժամկետով: Ընդհանուր ժողովի քվեարկությամբ ասոցիացիայի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը։

    Եզրափակիչ ելույթում ասոցիացիայի պատվավոր նախագահ Մ․Մ․ Միրիջանյանն ընդգծեց կատարվող աշխատանքի կարևորությունը, երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը ասոցիացիայի կազմակերպչական գործընթացներին, և հաջողություններ մաղթեց ասոցիացիայի նորընտիր նախագահ պրոֆեսոր Ս․Ա․ Ստեփանյանին։