• Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին

    Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը: Այն նվիրված էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ինտերնետային կայքի ներկայացմանը, 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում կայանալիք Վիրաբուժության Եվրոպական միության և հայ վիրաբույժների համատեղ կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներին: Նիստի ժամանակ քննարկվեցին վահանաձև գեղձի հանգույցների ախտոշման, բուժման, վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները: Նիստին ներկա էին Երեւանի եւ մարզերի վիրաբուժներ: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստն անցկացվում էր Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:

    Զրուցեցինք ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի հետ:

    ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյան

    –  Պարոն Միրիջանյան, ներկայացրեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման օրակարգը:

    –  Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը կներկայացնի մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծման մանրամասները, որն անմիջական կապ ունի Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական կոնգրեսը Հայաստանում անցկացնելու հետ: Այնուհետեւ կներկայացվի ՛՛Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՛՛ թեմայով զեկույց: Այսօրվա մեր օրակարգում նախատեսված են այս երկու բաժինները:

    –  Ովքե՞ր են ներկա լինելու այսօրվա միջոցառմանը:

    –  Այսօր հրավիրված են ոլորտի վիրաբույժները, ովքեր աշխատում են տարբեր հիվանդանոցներում եւ կլինիկաներում, հրավիրված են նաեւ մարզերից վիրաբույժներ: 

    –  Վիրաբույժների հայկական ասոցիացիայի գործունեության մասին ի՞նչ կարող եք տեղեկացնել:

    –  Ավելի քան երկու տարի է, որ ես ղեկավարում եմ Վիրաբույժների հայկական ասոցիացիան: Մեր գործունեության առաքելությունն է համախմբել ոլորտի վիրաբույժներին, կազմակերպել գիտական զեկույցներ եւ մասնագիտական քննարկումներ: Նախատեսված է ընդլայնել ասոցիացիայի հնարավորություններն ու աշխատանքային ծավալները, իսկ հեռանկարում նախատեսել ենք նոր ծրագրեր:

    –  Ինչու՞ որոշվեց Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովն անցկացնել Հայաստանում: 

    –  Առհասարակ, Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովն  ամենամյա է, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում: Այս կառույցի ղեկավարությունը, հաշվի առնելով մեր հնարավորությունները, որոշել է այս տարվա գիտաժողովն անցկացնել Հայաստանում, որը մեր կողմից շատ ողջունելի է:   

    –  Ե՞րբ է նախատեսված Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը:

    –  Նախատեսվում է ս/թ սեպտեմբերի 26-28-ը:

    Մեր զրուցակիցն է Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը:

    Մեր զրուցակիցն է Վիրաբուժության  Եվրոպական Միության  նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյան

    –  Պարոն Ստեփանյան, մանրամասնեք, խնդրեմ, այսօրվա օրակարգում քննարկող թեմաները:

    –  Վիրաբույժների հայկական ասոցիացիայի այսօրվա նիստը նվիրված է սեպտեմբերին Հայաստանում անցկացվող Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի կողմից հերթական համաժողովին: Այսօր կքննարկվեն մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի` AAS.am, եւ նշյալ համաժողովին մասնակցելու համար գրանցման կայքի` ess2018.am, ստեղծման աշխատանքները:

    Մեր օրակարգում նախատեսված է նաև վահանաձեւ գեղձի հանգույցների ախտորոշմանը և բուժմանը նվիրված քնարկում: Զեկույցով հանդես կգա ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը, ով կներկայացնի վահանձեւ գեղձի ժամանակակից ախտորոշման, բուժման եւ վիրահատությունների մոտեցումները: Տեղեկացնեմ, որ մեր այսօրվա միջոցառումն իրականացվում է Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Այս կազմակերպության մասնագետները նույնպես կներկայանան զեկույցով և կտեղեկացնեն կազմակերպության դեղամիջոցների մասին տվյալներ:  

    –  Ի՞նչ փուլում են Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեծման աշխատանքները:

    –  Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի և կոնգրեսի ռեգիստրացիոն կայքերի ստեղծումը հանձնարարված էր ինձ, շուրջ երեք ամիս այդ ուղղությամբ ես աշխատում եմ Մեդ-պրակտիկի թիմի և ծրագրավորողների հետ: Կայքի աշխատանքները գրեթե ավարատված են: Կատարված աշխատանքների համար իմ և ասոցիացիայի անունից շնորհակալություն ենք հայտնում Մեդ-Պրակտիկ թիմին: Այս պահին որոշակի կազմակերպչական աշխատնքների եւ կայքի տեղեկատվությունը հարստացնելու փուլն է ընթանում: Իսկ Վիրաբույժների Եվրոպական Միության համաժողովի համար նախատեսված ռեգիստրացիոն կայքը նոր է ստեղծվում: Թեև այն արդեն հասանելի է համացանցային տիրույթում, սակայն դեռ որոշակի տեղեկատվական լրացումներ եւ այլ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:

    –  Վիրաբույժների Եվրոպական Միության կողմից աշնանը նախատեսված կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ի՞նչ փուլում է:

    –  Դեղագործական ընկերությունների հետ իրականացվում են բանակցություններ, հավաքագրում ենք Երեւանի եւ մարզերի վիրաբույժների տվյալներն ու տեղեկացնում նրանց աշնանը նախատեսվող կանգրեսի մասին: Ռեգիստրացիոն կայքը գործելու է մարտի սկզբից եւ մեր բժիշկները հնարավորություն կունենան մասնակցության համար գրանցվել և ներկայացնել ժողովածուի համար թեզիսներ: Այս օրերին նամակներ ենք ուղղարկում մեր արտերկրի գործընկերներին ու նշանավոր վիրաբույժներին, որպեսզի կարողանանք հստակ տեղեկություն ունենալ մասնակիցների անունների եւ քանակի մասին:

    –  Արտերկրի բժիշկներից Ձեր ուղարկած նամակներին կա՞ն արձագանքներ: 

    –  Այո՛, արդեն արձագանքներ ունեցել ենք եւ կոնգրեսին մասնկացության համար բժիշկների կողմից հայտեր ներկայացվել են: Արտերկրի մեր գործընկերներն ուրախ են կոնգրեսի մասնակցելու համար եւ մեծ պատրաստակամություն են հայտնել: